Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի նախագահ Իգոր Մակարովը hամաձայնագիր են ստորագրել Երևանի քաղաքապետարանի և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի միջև համագործակցության վերաբերյալ։
Շնորհակալություն հայտնելով հյուրերին համագործակցության առաջարկն ընդունելու համար` Կարեն Կարապետյանը նշել է, որ այս համաձայնագիրը փոխշահավետ գործակցության նոր սկիզբ է դնում: «Մեր համոզմամբ, մայրաքաղաքում ներդրումային դաշտը բավական մեծ է: Կան ոլորտներ, որտեղ կարելի է իսկապես շահավետ ներդրումներ կատարել»,- ասել է քաղաքապետը:
«ԻՏԵՐԱ»-ն, որի կազմում ընդգրկված են 156 ընկերություններ, այսօր բազմակողմ ծրագրեր է իրականացնում աշխարհի 24 երկրներում` քաղաքաշինական, քաղաքային ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի, շենքային համալիրների ու էլեկտրակայանների շինարարության ասպարեզում:
Գնահատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային առաջարկը` Իգոր Մակարովը նշել է, որ այն երկարաժամկետ ու հեռանկարային համագործակցություն է խոստանում:
Որոշակի փոփոխություններ են ակնկալվում նաև Երևանի սպորտային կյանքում: Որպես ՌԴ հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ և նույն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ` Իգոր Մակարովը և Կարեն Կարապետյանն այցելել են կառուցվող նոր հեծանվահրապարակ, քննարկել են միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա այս ոլորտում միջազգային բարձր կարգ ապահովել և համաշխարհային մակարդակի մրցումներ անցկացնել: Ըստ ստորագրված համաձայնագրի, «ԻՏԵՐԱՆ» պարտավորվում է 2011-2016թթ. մայրաքաղաքում ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, առևտրի և հանրային սպասարկման, այգիների, կանաչ տարածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում։
Նախատեսվում է նաև մինչև 2016թ. մայրաքաղաքում կառուցել նոր բազմաֆունկցիոնալ կենտրոն և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ հյուրանոց։ «ԻՏԵՐԱ»-ն կիրականացնի նաև «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրի կառուցումն ու մի շարք այլ նախագծեր։
Երևանի քաղաքապետարանը, ըստ համաձայնագրի, ՀՀ օրենսդրության շրջանակներում և սահմանած կարգով պարտավորվում է ըստ ամենայնի օժանդակել մայրաքաղաքում կորպորացիայի ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ մատուցելով խորհրդատվական, տեղեկատվական և անհրաժեշտ այլ ծառայություններ։ Ծրագրերի ժամկետների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի առաջիկայում` բիզնես պլանների հաստատումից հետո, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:






