AM
25 Մարտ 2011 - 10:23 AMT

ՏՀՏ ոլորտի հայ մասնագետները Թբիլիսիում գործարար կապեր կհաստատեն իրենց վրաց գործընկերների հետ

Ապրիլի 1-3-ը Թբիլիսիում կկայանա ՏՀՏ գործարար համաժողով վրացական և հայկական ՏՀՏ ոլորտի ընկերությունների միջև։ Համաժողովի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), վրացական ICT Business Council կազմակերպության հետ համատեղ։

Համաժողովին մասնակցելու են մի շարք վրացական և հայկական ընկերություններ՝ UGT, Newkaz, ITS, Orient Logic, TBC Bank, Chancellery of the Government of Georgia, Ministry of Economic Development of Georgia, LEPL Data Exchange Agency, «Հայկական ծրագրեր», «Norma-plus» և այլն։

Ֆորումի ժամանակ հայկական ՏՀՏ ընկերությունները կներկայացնեն իրենց ՏՀՏ լուծումները, կքննարկեն համատեղ բիզնես համաժողովներ անցկացնելու հեռանկարները:

UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ ակնկալվում է մոտ 15-20 հայկական կազմակերպությունների մասնակցություն. «Մինչ օրվա ավարտը կազմակերպությունները կարող են դիմել։ Սա ոչ ֆորմալ հանդիպում է։ Հանդիպման հիմնական նպատակն է հաստատել գործարար կապեր, ինչպես նաև ցանկանում ենք վրացական կազմակերպությունների մասնակցությունը առաջիկա Digitec Expo-ին»։

«Հանդիպումներին մասնակցել ցանկացող բոլոր կազմակերպությունները ֆինանսական ծախսերը հոգում են սեփական միջոցներով»,- ավելացրեց Վահան Հովսեփյանը։