Մարտի 25-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության խորհրդի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարարի տեղակալ Մաքսիմ Տրավնիկովը, Ղազախստանն ու Բելառուսը ներկայացված էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մակարդակով: Ներկա էին նաև Մոլդովայի տարածքային զարգացման և շինարարության փոխնախարար Վյաչեսլավ Գուցուցույը (Մոլդովան խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդի նիստում քննարկվեցին ԱՊՀ միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության հայեցակարգի նախագծի ձևավորման և մինչև 2020թ. միջոցառումների ծրագրի մշակման հարցեր: Խորհրդի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:






