AM
25 Մարտ 2011 - 13:45 AMT

«Աշտարակ կաթ» ընկերությունը ողջունում է որակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը

«Աշտարակ կաթ» ընկերությունը ողջունում է կաթնամթերքի և, մասնավորապես, պանրի շուկայում որակի նկատմամբ պետական ամենաբարձր մակարդակով վերահսկողություն հաստատելուն ուղղված բոլոր ջանքերն ու գործողությունները: Այդ մասին ասվում է «Աշտարակ կաթ» ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: «Նման մոտեցումն առաջին հերթին բխում է սպառողների շահերից և, իհարկե, նպաստում է տեղական արտադրանքի որակի բարձրացմանը, այդ արտադրանքի հանդեպ սպառողների վստահության աճին, ինչպես նաև նպաստում տեղական արտադրանքի արտահանմանը դեպի միջազգային շուկաներ և հայկական պանրի` որպես ազգային ապրանքանիշերից (բրենդերից) մեկի ձևավորմանը: Միևնույն ժամանակ «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ ընկերության ռազմավարության ամենակարևոր գաղափարներից մեկն էլ իր բոլոր արտադրատեսակների բարձր որակի ապահովումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Աշտարակ կաթ» ընկերության արտադրամասերում և մթերման կետերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած հատուկ լաբորատորիաներ, որտեղ մանրակրկիտ ձևով իրականացվում են ֆիզիկաքիմիական, այդ թվում` մանրէաբանական և յուղայնության մակարդակն ուսումնասիրող հետազոտություններ: Բացի այդ, ընկերության կողմից մթերվող կաթը ենթարկվում է անտիբիոտիկների և ինհիբիտորների առկայության վերաբերյալ անալիզների: Եթե այդ ստուգումների արդյունքում կաթը չի համապատասխանում ընկերության կողմից սահմանված չափորոշիչներին, ապա նման կաթը պարզապես չի մթերվում: Ընկերության մթերման կետերում տեղադրված են հատուկ սառնարաններ, որոնք ապահովում են մթերվող կաթի որակական հատկանիշների և թարմության պահպանումը: