AM
26 Մարտ 2011 - 05:16 AMT

Հայաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում

Մարտի 25-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այցելեց Կոտայքի մարզի մի շարք համայնքներ: Մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ Նոր Հաճնի մշակույթի տան, Քանաքեռավանի և Զովունիի մանկապարտեզների շենքային պայմաններին: Նշված շինությունները նախատեսվում է վերանորոգել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար հատկացված միջոցներով:

Համայնքների ղեկավարները փոխվարչապետին ներկայացրին իրականացվելիք աշխատանքների ծավալները, ժամանակացույցը: Բոլոր երեք հաստատությունների վերանորոգման համար նախատեսվում է ընդհանուր առմամբ 142,5 մլն դրամի ներդրում:

Փոխվարչապետը հանձնարարեց մարզպետին ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը, հետևել, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակով, ժամանակին և ողջ ծավալով:

Արմեն Գևորգյանը եղավ նաև Նոր Գեղի, Մրգաշեն, Եղվարդ համայնքների այգիներում, ծանոթացավ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին:

Նաիրիի «Բերրիություն» ՍՊԸ-ում փոխվարչապետին ներկայացրին ընկերության հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը: Ընկերությունը համագործակցում է ֆիննական «Սամպո Ռոզենլև» ընկերության հետ և պատրաստվում է համատեղ հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման արտադրամաս: Տեղեկացվեց, որ արդեն ամռանը կունենան առաջին կոմբայնները: Փոխվարչապետն աջակցության պատրաստակամություն հայտնեց` նշելով, որ կառավարությունը գնահատում է նմանատիպ ծրագրերը, որոնք և' ապահովում են նոր աշխատատեղեր, և' բավարարում են ներքին շուկայի պահանջարկը:

Այցի ավարտին Եղվարդի քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «ՀՄՀ-Հայաստան»-ի, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ, տարածաշրջանի համայնքապետեր, քննարկվեցին գարնանային գյուղատնտեսական աշխատանքների և ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցեր, հաղորդում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: