AM
28 Մարտ 2011 - 10:16 AMT

Վիքիպեդիայում կհայտնվեն 140 հայկական նոր հոդվածներ էկոլոգիայի վերաբերյալ

Մարտի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի կունենա «1% գիտելիք սերունդներին» խորագիրը կրող աշխատանքների շնորհանդեսը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում բուհի 3-րդ կուրսի 15 ուսանողներ վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրեն էկոլոգիայի բնագավառին վերաբերող 140 հոդվածներով: Ծրագրի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների դաշտում հզորացնել հայկական ռեսուրսները: Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում հայկական ռեսուրսներն այժմ կազմում են 137.000, իսկ, օրինակ, Ադրբեջանն ունի 55.000 ռեսուրս, Անգլիան` 3.5 միլիոն, ռուսական ռեսուրսների թիվն անցնում է 1 միլիոնի սահմանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ծրագրի մյուս նպատակն է երիտասարդներին ներգրավել գիտության ոլորտում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում իրականացվող պիլոտային այս ծրագիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական շտեմարանը համալրելու գործում աշխատել են ոչ թե անհատներ, ինչպես դա սովորաբար արվում է, այլ աշխատանքային խումբ: Դրա շնորհիվ ՀՊՏՀ տասնհինգ 3-րդ կուրսեցիներից բաղկացած խումբը նշված նախաձեռնության համար Վիքիպեդիայի կողմից արժանացել է բրոնզե մեդալի: