AM
17 May 2003 - 16:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՎԱՐԿԱՆԻՇՆ ՈՒՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ ԵՎ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցման տվյալների, Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին ամենամեծ վարկանիշն ունեն «Արդարություն» դաշինքը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը, ընտրությունների այդ երկու մասնակիցների օգտին տրված ձայները տատանվում են 11-12 տոկոսի սահմաններում: Նրանց հաջորդում են «Ազգային միավորում» կազմակերպությունը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 8-9 տոկոս: Խորհրդարանում տեղեր ձեռքբերելու հավանականություն ունեցող կուսակցությունների թվում սոցիոլոգը նշել է «Հզոր հայրենիք» կուսակցությունը եւ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը: Նրա կարծիքով` մոտակա օրերս բոլոր թեկնածու-կուսակցությունները կդիմեն նախընտրական պայքարի տարբեր մեթոդների, որի հետեւանքում հնարավոր են նաեւ վարկանիշի փոփոխություններ: Ներկայումս, ըստ Պողոսյանի ուսումնասիրությունների, ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ ապահովել խորհրդարանում համամասնական ընտրական համակարգի կողմից տրամադրվող տեղերի մեծամասնությունը: Նշենք, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին: