Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մարտի 30-ին ներկայացրել է մարտի 12-ին «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները, որին բաժին է ընկնում շուկայի 26.06 տոկոսը:
Ինչպես հաղորդել է հանձնաժողովի փորձագետ Մանուկ Միքայելյանը, ընկերությունն ամանորյա տոների շրջանում ստեղծել է դեֆիցիտի նախադրյալներ` իր արտադրանքը չհանելով շուկա: «Նա գերազանցել է շուկայում առաջատարի իր լիազորությունները, որի համար պարտավոր է վճարել 100 մլն դրամ տուգանք»,- հայտարարել է փորձագետը:
Միքայելյանի խոսքերով, Հայաստանում 2010-ի դեկտեմբերին չի նկատվել ձվերի արտադրության դեֆիցիտ, քանի որ վիճակագրության համաձայն 2010-ին Հայաստանում արտադրվել է 719 մլն հատ ձու, ինչը 14 տոկոսով ավելի է 2009-ից: «Ընկերության մատակարարներն ամբողջությամբ չեն իրացրել իրենց արտադրանքը, ինչի մասին վկայում են խոշոր առևտրի կետերից ստացված տվյալները»,- ասել է Միքայելյանը:
2010թ-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում: Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ:
Ամանորյա տոներից առաջ շուկայում արձանագրվել էր ձվերի գնի աննախադեպ աճ` 150 դրամ մեկ հատի համար, ինչը բացատրվել էր դրանց դեֆիցիտով:






