AM
30 Մարտ 2011 - 10:34 AMT

ՀՀ տրանսպորտի նախարարը և ՀԲ փորձագետները քննարկեցին ճանապարհային երթևեկության անվտանգության ծրագրերը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 30-ին ընդունել է Համաշխարհային բանկի տրանսպորտի ոլորտի գործառնությունների գծով պատասխանատու Ելենա Չեշևային և ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդատու Դեյվիդ Սիլկոկին:

Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի քարտուղարության հետագա կարգավիճակին և գործունեության ֆինանսավորման տարբերակներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՀԲ-ի Ինստիցիոնալ զարգացման հիմնադրամի (Institutional Development Fund) դրամաշնորհի շրջանակներում, ճանապարհաշինարարության ոլորտում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր աջակցությանը:

Երկուստեք կարևորելով ճանապարհային երթևեկության անվտագության խնդիրները շեշտել են, որ դրանց լուծման համար պետք է իրականացվեն ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ ծրագրեր, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամլո ծառայությունը: