Ընդդիմության գործողություններում վերջին փոփոխությունները, մասնավորապես իշխանությունների հետ ՀԱԿ երկխոսության փորձը թելադրված են Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ կողմից: Այդ մասին հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ընդդիմադիր դաշտում վերադասավորումները պետք է դիտարկել որպես Արևմուտքի կողմից թելադրված, որպես նրա կողմից վերահսկվող գործընթաց»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Սեֆիլյանը կոչ է արել ՀԱԿ-ին` որպես ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժ, երկխոսության մեջ չմտնել իշխանությունների հետ: «Այս իշխանությունների հետ համաձայնությունից ստացված ցանկացած արդյունք լինելու է ոչ ի օգուտ ժողովրդի»,- ասել է նա:
Սեֆիլյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ը պետք է հրաժարվի իր շուրջը բոլոր քաղաքական ուժերին հավաքելուց, ինչպես նաև «Լևոն` նախագահ» կարգախոսից: Նա ընդգծել է, որ կարգախոսները պետք է միավորեն մարդկանց, իսկ հիմա կա բնակչության մեծ խումբ, որն իշխանությունների դեմ է, սակայն դեմ է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը: Նրա կարծիքով, ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն ոչ թե ինչ-որ մեկի շուրջ, այլ միայն համակարգեն իրենց ջանքերը ներկա իշխանությունների դեմ պայքարում:






