AM
30 Մարտ 2011 - 11:20 AMT

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները երկու ամսում կազմել են 114.4 միլիարդ դրամ

2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 114.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 109.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 62.9 տոկոսով և 52.4 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 13.9 տոկոսով, ծախսերի գծով` 11.9 տոկոսով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.9 տոկոսով կամ 11.2 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 11.7 տոկոս (11.4 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2.2 տոկոս ով (136 մլն դրամով), իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:

Պետական բյուջեի եկամուտների 94.6 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.4 տոկոսը` այլ եկամուտների հաշվին:

2011 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 109.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 52.4 տոկոս ը: Մասնավորապես` 102.3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 1.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 40 տոկոս ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 3.1 տոկոս ով կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է այլ ծախսերի, կենսաթոշակների և պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերի աճով:

2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 4.9 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 26.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: