«Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք բնական գազ են օգտագործում, նախատեսվում է գազի սակագնի նվազեցում ապրիլի 1-ից», – «Հրազդան-5»-ի շինհրապարակ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ – Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
«ՀայՌուսգազարդ»-ին արդեն տրամադրվել է սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը: Ըստ առկա տվյալների, այդ ցանկից 49 500 ընտանիքներ հանդիսանում են գազասպառող, որոնց համար էլ նախատեսված է գազի սակագնի նվազեցում: Էներգետիկ համակարգում կատարված վերազինումների և վերակառուցումների արդյունքում, մասնավորապես՝ Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքների շնորհիվ, առաջացել են խնայված միջոցներ, որոնք կուղղվեն գազի սակագնի մեղմացմանը: Ցանկում ընգդրկված բաժանորդներին հատկացվելու են համապատասխան կտրոններ, որոնց հիման վրա 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարելու են 100 դրամ: 300 խմ ավելի սպառած գազի դիմաց կվճարեն գործող սակագնով` 132 դրամ:






