«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջև փետրվարի 4-ին կնքված պայմանագրի համաձայն` այսուհետ կենսաթոշակառուները կկարողանան ստանալ իրենց կենսաթոշակները «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում` անվճար բացելով հաշիվներ, ձեռք բերել ARCA, VISA կամ MASTERCARD պլաստիկ քարտեր` առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ սպասարկման վճարների, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:
«Թեև առևտրային բանկերում և մասնավորապես, Անելիք Բանկում կենսաթոշակ ստանալու ծառայությունը նորություն է, այնուամենայնիվ, Բանկը, կարևորելով կենսաթոշակառուների պահանջմունքների բավարարումը, սկսել է կենսաթոշակառուներին տրամադրել պլաստիկ քարտեր` առանց սպասարկման կամ որևիցե այլ վճարի: Կենսաթոշակառուները կարող են դիմել Բանկ, անվճար բացել կենսաթոշակային հաշվեհամար և միանգամից` առանց պլաստիկ քարտերի օգնության, ստանալ իրենց կենսաթոշակները: Անհրաժեշտ է նշել, որ կենսաթոշակային քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույքը կազմում է տարեկան 2 տոկոս», – ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:






