AM
4 Ապրիլ 2011 - 09:13 AMT

2011-ի առաջին երեք ամիսներին կարտոֆիլը Հայաստանի բնակիչների համար ամենաթանկ հաճույքն էր

Հայաստանի սպառողական շուկայում 2011-ի մարտին փետրվարի համեմատ ամենաբարձր գներն արձանագրվել են ապրանքների 13 խմբերում` 0.1 տոկոսից 3.3 տոկոս, ընդ որում երեք խմբերում նկատվել է անկում` 0.1 տոկոսից 2.2 տոկոս: Այդ մասին ապրիլի 4-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Մասնավորապես, նրա խոսքերով, նկատվել է մսամթերքի գնի անկում` 0.1 տոկոս, ձվի` 0.4 տոկոս, մրգերի` 2.2: 2010-ի դեկտեմբերի համեմատ 2011-ի մարտին արձանագրվել է ձկնամթերքի անկում` 0.7 տոկոս. ձվի` 5.7 տոկոս, մնացած ապրանքների խմբերում արձանագրվել է աճ: «Երեք ամսում ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղենի գծով կարտոֆիլի համար` 34 տոկոս, մրգերի գծով` 24.6 տոկոս, շաքարի` 6.8 տոկոս, սուրճի, թեյի, կակաոյի` 5.4 տոկոս, հացամթերքի` 4.8, կաթի` 1.1»,- ասել է նա:

2011թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0.9 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 111.5 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 115.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը`103.8 տոկոս, ծառայությունների սակագներինը` 108.4 տոկոս, իսկ հունվար-մարտին 2010թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 111.1 տոկոս, 115.2 , 103.5 և 107.6 տոկոս: Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2011թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.2-2.7 տոկոս գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5 տոկոսով: