AM
5 Ապրիլ 2011 - 06:31 AMT

Հայաստանի բանկերը ծանոթացան հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին

Մարտի 25-ին և 31-ին բանկային ոլորտը ծանոթացավ հայկական 16 ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» միջոցառման անդրանիկ հանդիպման ընթացքում: Ցանցային համակարգերի, անվտանգության լուծումներ, հաճախորդների հետ շփումը նորագույն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, փաստաթղթերի կառավարման և Էլեկտրոնային արխիվացման լուծումներ, հերթերի կառավարման, բանկային վճարային և ինֆորմացիոն տերմինալներ` այս և այլ ծառայություններով ու լուծումներով հանդես եկան iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները, ասվում է ԻՏՁՄ հաղորդագրության մեջ:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» միջոցառումը նոր նախագիծ է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից, որն ուղեկցվելու է հանդիպումների շարքով բանկային, շինարարության, բժշկության և դեղագործության, հանքարդյունաբերության, ոսկերչության, առևտրի/պահեստավորման, ապահովագրության, սննդային/ոչ սննդային արդյունաբերության, տրանսպորտի, տուրիզմի, գյուղատնտեսության և կրթության ոլորտների համար: «Միջոցառումը մի կողմից կօգնի հայաստանյան բիզնեսին ծանոթանալ տեղի ՏՏ ընկերությունների հնարավորություններին, մյուս կողմից` ՏՏ ընկերություններին կօգնի հասկանալ հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտների կարիքները»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միջոցառման դերը կարևորում են մասնակից ընկերությունները և բանկերի ներկայացուցիչները: «Տեղեկատվական տեխնոլոգիաները կարևորագույն դեր և նշանակություն ունեն բանկային ծառայությունների որակի բարձրացման և արդի ծառայությունների ներդրման գործում: Ուստի, այս միջոցառումը հնարավորություն է տալիս բանկերին ծանոթանալ իրենց նպատակներին ծառայող տեխնոլոգիական նորամուծություններին»,- նշում է Էյչ-Էս-Բի-Սի բանկի ներկայացուցիչ Արմինե Ոսկանյանը:

«Մենք կատարեցինք մեր հետևությունները մեր համակարգի մասին` ելնելով հարցերից և առաջարկություններից»,-ասում է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: «Դամարիս» ընկերության ներկայացուցիչ Արփի Աճեմյանի խոսքերով միջոցառումը հնարավորություն տվեց նաև առավել ընդլայնված ծանոթանալ ՏՀՏ ոլորտի մրցակից գործընկերների առաջարկած լուծումներին:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» բանկերին նվիրված թեմատիկ հանդիպման աջակիցներն էին Հայաստանի Բանկերի միությունը և ՀՀ Կենտրոնական բանկը:

Նախատեսվում է, որ հաջորդ թեմատիկ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին և նվիրված կլինի բժշկությանն ու դեղագործությանը: