Ճապոնական աղետը պետք է Հայաստանին ստիպի մտորել և ավելի լուրջ վերաբերվել հայկական ատոմային էլեկտրակայանի հարցին: Այդ մասին հրապարակային դասախոսության ժամանակ հայտնել է ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: «Անգամ տեխնոլոգիապես զարգացած այնպիսի երկիր, ինչպիսին Ճապոնիան է, չկարողացավ կանխել այդ սարսափելի աղետը, չկարողացավ դիմանալ բնական աղետի հարվածին: Եվ հանկարծ մենք դրանից հետո ասում ենք, որ մենք ամեն ինչին կդիմանանք, մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Այնքան էլ հասկանալի չէ նաև, թե ինչպես ենք մենք պատրաստվում աշխարհին անվտանգության երաշխիքներ տրամադրել, եթե մենք ո'չ տեխնոլոգիաների սեփականատերն ենք, ո'չ էլ ագրեգատների»,- ասել է Դարբինյանը:
Ընդ որում, նա նկատել է, որ կասկածում է Հայաստանում ատոմակայանի բացարձակ անհրաժեշտության հարցում: Նրա կարծիքով, ավելի նպատակահարմար կլիներ այն փոխարինել քամու և արևային, ինչպես նաև այնպիսի կայաններով, որոնք բիովառելիքով են աշխատում, հաղորդում է ՌՀՀ մամլո ծառայությունը:






