AM
7 Ապրիլ 2011 - 14:48 AMT

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ամռանը պատրաստվում է տոմսերի վաճառքի և ամրագրման էլեկտրոնային համակարգ ներդնել

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն պատրաստվում է ամառային ուղևորափոխադրումների սեզոնին: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ներկայումս տարվում են կազմակերպչա-տեխնիկական բոլոր անհրաժեշտ աշխատանքները, ավարտվում է գծերի և շարժակազմի գարնանային զննումը, շարժակազմի և լոկոմոտիվային բրիգադների պատրաստումը: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, որոշ տարածքների ռելսերի փոխարինում, լուսանշանների, 28 վագոնների վերանորոգում, միջազգային մարդատար վագոնների օդափոխության համակարգերի, սառնարանների ստուգում: Կվերանորոգվեն նաև երեխաներին «Գուգարք» մանկական առողջարանային ճամբար տեղափոխելու համար նախատեսված երեք վագոնները:

Այս տարի ևս կգործի «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, որը կունենա երկու կազմ 14 վագոնով: Կգործի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սեզոնային սոցիալական գնացքը` 6 վագոնից կազմված: Հաշվի առնելով ուղևորների դժգոհությունը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն հատուկ ուշադրություն կդարձնի տոմսերի վաճառքի և ամրագրման էլեկտրոնային համակարգի ներդրմանը:

Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին մինչև Շորժա կգործի Քանաքեռ-Հրազդան էլեկտրական գնացքը: