Ապրիլի 8-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհուրդն ի գիտություն է ընդունել ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը զեկուցել է էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների և կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաև ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման մասին:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադարձել է մաքսային ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին և էլեկտրոնային առևտրի զարգացումը խթանող անհրաժեշտ նախադրյալների ստեղծման հարցին: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է նշված հարցերի առնչությամբ քննարկումներ անցկացնել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրանց արդյունքները:
Անդրադարձ է եղել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված շինարարության բնագավառում նոր կարգերի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին:
Օրակարգի այլ հարցերի շարքում արծարծվել են «Արմթեք-2011» համաժողովի կազմակերպչական մանրամասներ, ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ոլորտում իրականացված փորձնական ծրագրի արդյունքները:






