Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն արդեն երկու տարի է Livejournal ցանցում հավաքագրում է մեկ գրառման մեջ Livejournal-ի բոլոր հայ բլոգերներին։
Այսօր Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է հավաքագրման 5-րդ հոսքի մասին՝ նոյեմբեր ամսից մինչև հիմա նոր բացված բլոգերի համար։
«Նպատակն է տեսնել, թե որքան է մեր հայ բլոգերների թիվը։ Քանի որ բլոգոսֆերայում տարբեր բլոգերներ տարբեր թեմաներով են գրում, ես կատարել եմ թեմատիկ-ոլորտային բաժանում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին։
Ինչպես գրել էր Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում, եթե մինչև հիմա բլոգերը հավաքվել են պարտադիր բլոգերի անուն-ազգանունով, ապա այժմ այդ ավանդույթը որոշել են խախտել։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ անունն ու ազգանունը գրանցելը պարտադիր էր կեղծ բլոգերներից խուսափելու համար. «Անձնական տվյալները ցանկալի են, որպեսզի իմանաս ռեալ մարդիկ են, թե ոչ. մարդ կա մի քանի բլոգ ունի և բացի դրանից կարող է ադրբեջանցի լինել, բայց ներկայանալ որպես հայ բլոգեր։ 2008-ին նախագահական ընտրությունների շրջանում հայտնվեցին մի շարք նման կեղծ բլոգերներ»։
Սամվելը հայ բլոգերների հավաքագրման 5-րդ հոսքի հետ միասին հայտարարել է նաև twitter map ստեղծելու գաղափարի մասին։ «Twitter-ում հայերը քիչ են, կամ կան, բայց ակտիվ չեն։ Twitter map-ը կօգնի հասկանալ, ովքեր են ակտիվ հայ թվիթողները»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Իսկ բոլոր այն բլոգերները, որոնց բլոգերը այլ բլոգային հարթակներում են, ինչպիսիք են blogspot կամ wordpress-ը, կարող են ավելացնել իրենց ցանցը բլոգեր Լուսինե Բարսեղյանի հավաքագրված արխիվում։






