AM
13 Ապրիլ 2011 - 14:26 AMT

Հայաստանը մտադիր է ձկնաբուծության արտահանման ծավալներն առնվազն երկու անգամ ավելացնել 2011-ին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնքում գործող «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերություն:

Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, տեղեկացել է ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման հանձնարարականի իրականացման ընթացքի մասին:

Վարչապետին ներկայացվել են ձեռնարկության արտադրական հնարավորությունները ու զարգացման հեռանկարային ծրագրերը: Շրջայցից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, կառավարության ղեկավարը նշել է, որ ձկնաբուծության ոլորտում 2011թ. արտահանման կարողությունները առնվազն երկու անգամ ավելանալու են: Վարչապետը նշել է, որ անցյալ տարի Հայաստանից 400 տոննա ձկնամթերք է արտահանվել, իսկ այս տարի նախատեսվում է ամենաքիչը 800 տոննա ձուկ արտահանել: «Այսօր, երբ ծանոթանում ենք ձկնաբուծական ընկերությունների ցուցանիշներին ու ծրագրերին, հնարավոր է` այդ ծավալներն ավելի մեծ լինեն»: Անդրադառնալով ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման խնդրին ու մտահոգություններին` վարչապետը նշեց, որ տնտեսություններում ժամանակակից ջրաչափերի տեղադրման աշխատանքներն իրականացվում են. «Արդյունքում, և մենք հանգիստ կլինենք, և իրենք, որ օգտագործված ջրի հաշվառումը պատշաճ մակարդակով է իրականացվում: Նման բարդ տնտեսություն ունենալով` այդ ջրաչափերի տեղադրումը պարզապես անհրաժեշտություն է», հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: