«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2011-ին նախատեսում է հանգստյան սեզոնի ժամանակ Բաթում տեղափոխել 70 հազար հայ զբոսաշրջիկների: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «ՀԵԿՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Նա նշել է, որ 2010-ին Բաթում է մեկնել 80 հազար հայ զբոսաշրջիկ: Նա նաև ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ուղևորների սպասարկմանը, սպասարկող անձնակազմի որակավորման բարձրացմանը, մասնավորապես ՀԿԵՈւ-ն ներմուծելու է տոմսերի էքսպրես վաճառքի համակարգ անցյալ տարվա խնդիրների կրկնությունը թույլ չտալու համար:
Ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով, հունիսի 15-ին ՀԿԵՈւ-ն սկսելու է ամառային սեզոնը և գործարկելու է իր ֆիրմային գնացքը: «Դա լինելու է ամենօրյա երթևեկություն»,- նշել է նա և հավելել, որ այդ գնացքի երթևեկության ժամանակը 18 ժամից դառնալու է 17: Բացի դրանից, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ Բաթում է ուղևորվելու սովորական գնացք 10-15 տոկոսով ցածր սակագնային քաղաքականությամբ, որը ճանապարհն անցնում է 19 ժամում: Շայդուլինը նաև ընդգծել է, որ ՀԿԵՈւ բոլոր ուղևորներն ապահովագրվելու են, ինչպես նաև գնացքներն ուղեկցելու են ոստիկանները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:






