Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 14-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` բանկի մասնավոր հատվածի գծով փոխնախագահ տիկին Լակշմի Վենկատաչալամի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Վերջին շրջանում Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության հարաբերությունները մտել են նոր փուլ, որը բնութագրվում է նորանոր ծրագրերով և ծավալների աճով»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետության տնտեսության դիվերսիֆիկացմանն և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելուն ուղղված ջանքերը, անդրադարձել են «Զվարթոց» միջազգային օդանավակայանի զարգացման խնդիրներին, ինչպես նաև հայկական մի շարք բանկերի հետ ԱԶԲ կողմից իրականացվող Առևտրի ֆինանսավորման ծրագրին:
Լակշմի Վենկատաչալամը ներկայացրել է ԱԶԲ մասնավոր հատվածի հետ համագործակցության ռազմավարությունը, որում կարևորվում են ենթակառուցվածքների, ֆինանսական հատվածի զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, տարածաշրջանային զարգացման ու կրթության հիմնախնդիրները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորություններին:






