AM
14 Ապրիլ 2011 - 16:12 AMT

Հարավկովկասյան երկաթուղին ծրագրում է Հայաստանում զարգացնել երկաթուղային տուրիզմը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պատվիրակությունը մասնակցում է «Երկաթուղային տրանսպորտի դերը եվրոպական տուրիզմի զարգացման գործում» միջազգային համաժողովին: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, համաժողովը բացվել է այսօր Իտալիայի Մերանո քաղաքում: Հայկական պատվիրակության ղեկավարն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը: Հայկական պատվիրակությունը համաժողովի մասնակիցներին կներկայացնի Հայաստանի երկաթուղային տուրիզմի զարգացման հեռանկարները, ոլորտի ներկա վիճակը:

«Երկաթուղային տուրիզմի զարգացման համար չափազանց կարևոր է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնարավորությունների օգտագործումը, ինչպես նաև ցանցի հետագա ընդլայնումը»,- գտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը: Նրա կարծիքով, երկաթուղու հնարավորությունները չափազանց կարևոր են ոչ միայն ներքին, այլև արտագնա տուրիզմի զարգացման համար, քանի որ երկաթուղին հնարավորություն է տալիս կազմակերպել ամենատարբեր տուրիստական շրջագայություններ:

Միջազգային համաժողովի մասնակիցները նախատեսում են քննարկել երկաթուղային տուրիզմի զարգացման ռազմավարական ուղղությունները և հեռանկարները, միջպետական փոխադրումների զարգացման հնարավորությունները, եվրասիական տարածաշրջանում բարձր արագության մայրուղիների զարգացման նպատակով միջազգային կոնսորցիումների ստեղծման հնարավորությունները, առկա խոչընդոտների վերացումը: