AM
20 Ապրիլ 2011 - 10:21 AMT

Աշոտ Մարտիրոսյան. Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության ապահովումը երկրի առաջնահերթ խնդիրներից մեկն է

Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության ապահովումը երկրի առաջնահերթ խնդիրներից մեկն է, այստեղ կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի այդ մակարդակը նույնիսկ թույլատրվածից բարձր լինի: Այդ մասին ապրիլի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Ըստ նրա, Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության ապահովումը երկրի առաջնահերթ խնդիրներից մեկն է: «7 բալը պլանային երկրաշարժն է, ինչը նշանակում է, որ այդ դեպքում կայանը չի վնասվի և կկարողանա շարունակել աշխատանքն ըստ ծրագրված ռեժիմի, սակայն սեյսմիկ պաշտպանության ավտոմատ համակարգն արդեն 6-բալանոց երկրաշարժի դեպքում կանջատի ռեակտորը՝ այն կբերվի անվտանգ վիճակի»,-պարզաբանել է Աշոտ Մարտիրոսյանը:

Իսկ 8-բալանոց երկրաշարժի դեպքում կապահովվի ռեակտորի անվտանգ աշխատանքը և հետագա անցումը նրա աշխատանքի դադարեցմանը: «Այդ դեպքում, անվտանգության տեսակետից, հնարավոր են ոչ այնքան կարևոր օբյեկտների ու շինությունների փլուզումներ, ինչը չի կարող անդրադառնալ ԱԷԿ-ի անվտանգության վրա»,-ասել է նա: Այդ առնչությամբ Աշոտ Մարտիրոսյանը հավելել է, որ կայանի վերագործարկման ժամանակ կատարվել են մերձակա տարածքների լրացուցիչ հետազոտություններ՝ արդյունքում ԱԷԿ-ի սեյսմակայունությունն ընդհանուր առմամբ ամրացել է: «Վերջին 15 տարում նման աշխատանքներ պարբերաբար են կատարվել և այժմ էլ շարունակվում են ու կավարտվեն միայն ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո»,-ասել է նա: