Ապրիլի 22-ին, Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա «Հայերի դատը մարդկության դատն է» թատերական ներկայացման ցուցադրությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: Բեմադրության և սցենարի հեղինակը կինոյի և թատրոնի արտիստ Արտաշես Ալեքսանյանն է, գլխավոր դերում հանդես է գալու Երևանի պետական դրամատիկական թատրոնի դերասան Գուրգեն Անտոնյանը (Մարգար պապ):
Ներկայացումը բեմադրվել է «Սթեյջ 7» արտիստների և գրողների համագործակցության կենտրոնի, մասնավորապես կենտրոնի նախագահ Տիգրան Նալչաջյանի ջանքերով:
Բեմադրիչ Ալեքսանյանը չցանկացավ փակագծերը բացել, սակայն ասաց, որ բեմադրության ողջ իմաստն այն է, որ հայերը չմոռանան Եղեռնը, բայց նաև չսգան, քանի որ «լացը լաց է բերում»: Ներկայացման մեջ մեջբերումներ են կատարվում նաև Հովհ. Շիրազի ստեղծագործություններից: Ստեղծագործությունը կոնկրետ ժամանակագրություն չունի, այն անդրադարձ է անցած 96 տարիներին:
Բեմականացմանը մասնակցում են «Սթեյջ 7» կենտրոնի տարբեր տարիքի մոտ 30 սաներ: Ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի է ունենալու ապրիլի 21-ին Հրազդան քաղաքում:






