AM
22 April 2011 - 08:16 AMT

Զատկի օրը Եղեռնի զոհերի հիշատակի պատարագ չի մատուցվելու

Ապրիլի 24-ին Մայր Աթոռ սբ. Էջմիածինը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ կկատարի ժամը 9:00-ին, այնուհետև ժամը 10:30-ին Մայր Աթոռում կմատուցվի Զատկին նվիրված տոնական պատարագ, այս մասին լրագրողներին հայտնեց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի միաբան տեր Շահե աբեղա Անանյանը:

Բացի դրանից, երեկոյան եկեղեցիներում նախատեսված է հոգեհանգստյան կարգ և աղոթք ի հիշատակ Եղեռնի զոհերի հիշատակի: «Եկեղեցու պատարագը միայն մահացածների հիշատակը չէ, որ ոգեկոչում է, այլ հոգու հարության և անմահության գաղափարն է», -ասել է աբեղան: Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը չի սահմանափակվում մեկ օրով: Բացառված է տաղավար տոներին հոգեհանգստյան պատարագի մատուցումը, արգելված է, քանի որ կապված է հարության տոնի հետ, ասել է աբեղան:

Աբեղան հայտնեց, որ Զատկի տոնը փոփոխման չի կարող ենթարկվել: Այն միշտ նշվում է լիալուսնին հաջորդող կիրակի օրը: Դա անփոփոխ է 325 թ.-ի առաջին տիեզերական ժողովի որոշումից ի վեր, և եկեղեցական տոներն այդ տիեզերական ժողովից հետո փոփոխության չեն ենթարկվել: