AM
22 Ապրիլ 2011 - 10:18 AMT

Վանաձորում կբացվի «Ամերիաբանկի» նոր մասնաճյուղը

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պլանների մեջ է մտնում մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, իսկ նոր բանկը բացվելու է Վանաձորում, ապրիլի 22-ին հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Բանկի կարևորագույն ձեռքբերումներից է Երևանում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Մոսկովյան» նոր մասնաճյուղի բացումը, հաջորդը բացվելու է Վանաձորում»,- ասել է նա:

Նրա խոսքերով, զգալի աշխատանք է կատարվել ITM համակարգի, ինչպես նաև POS-տերմինալների ընդլայնման ուղղությամբ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի մարզերում: «Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տեղադրվել է լրացուցիչ 200 POS-տերմինալ, այդ նպատակով ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որը զբաղվում է այդ բիզնեսի զարգացմամբ»,- ասել է նա:

Այսօր բանկն ունի 7 մասնաճյուղեր, որոնցից 4-ը Երևանում, մեկական մասնաճյուղեր` ԼՂՀ-ում, Քաջարանում, Կապանում և Դիլիջանում: