AM
22 Ապրիլ 2011 - 13:48 AMT

ԱՄԷ գործարար կանայք կծանոթանան Հայաստանի տնտեսական իրադրությանը

Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանում է գտնվելու Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար կանանց խորհրդի նախագահ շեյխա Հինդ ալ-Կասիմիի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես նշվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ապրիլի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ԱՄԷ գործարար կանանց պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա «Կլոր սեղան», որի ընթացքում հյուրերին կներկայացվեն Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կքննարկվեն զբոսաշրջության, արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

«Կլոր սեղանը» կվարի ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: ԱՄԷ գործարար կանանց պատվիրակությանը կընդունի ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ասվում է հաղորդագրության մեջ: