AM
28 Ապրիլ 2011 - 11:30 AMT

«ԱրմենՏել»ը շարունակում է աջակցել Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնին

«ԱրմենՏել» ընկերությունը «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է աջակցել Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնին:

Ընկերության աջակցությամբ Ինտերնետ կենտրոնի ուսումնական ծրագրում ներառվել են լրացուցիչ դասեր աշակերտների համար, ծրագրավորման դասընթացներ, մշակվել է ուսուցիչների որակավորման և բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման մեթոդիկա:

Հետագա համագործակցության շրջանակում կիրականացվեն երկարաժամկետ ծրագրեր` այդ թվում ուսուցիչների համակարգչային գիտելիքների կատարելագործման դասընթացներ, ծրագրավորման մշտական խմբակներ, ինչպես նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում Ինտերնետ կենտրոնների ստեղծում:

«Ժամանակակից աշխարհում անհնար է հասնել հաջողության առանց համակարգչային հմտությունների, և մենք փորձում ենք ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների հավասար հասանելիությունը բոլոր երեխաների համար` անկախ նրանց բնակության վայրից», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնի ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 350 մարդ, որոնց թվում` Վանաձորի միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ:

Կենտրոնում անցկացվում են նաև թեմատիկ սեմինարներ, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքների և ինտերնետից օգտվելու դասընթացներ: Ամենամյա վերապատրաստում են անցնում Վանաձորի ձեռնարկությունների հաշվապահներ և ֆինանսական մենեջերներ: