Մի քանի ժամ առաջ Facebook-ում սկսել է տարածվել հետևյալ հաղորդագրությունը. «Այս ուրբաթ Facebook-ը դառնալու է Ձեր բոլոր անձնական նկարների հրապարակման իրավունքների սեփականատերը։ Դուք միայն պետք է կատարեք հասարակ փոփոխություն՝ այցելելով «account»', ապա «account settings», ապա «facebook ads», ապա «ads shown by third parties»՝ ընտրելով «NO ONE» և «պահպանել»։ Խնդրում ենք տարածեք այս հաղորդագրությունը այն օգտագործողների շրջանում, ում մասին հոգում եք»։
PanARMENIAN.Net-ի լրագրողը փորձեց բոլոր հնարավոր աղբյուրներով ճշտել այս տեղեկատվության հավաստիությունը։ Այս մասին չի գրում և ոչ մի պաշտոնական աղբյուր։ Facebook-ի պաշտոնական բլոգը, Facebook Insider-ը, Facebook-ի պաշտոնական էջը Facebook-ում , ինչպես նաև որևէ լրատվամիջոց չի տարածում նման տեղեկություն։
Բացի դրանից դատելով հաղորդագրության «գրագիտությունից» կարելի է եզրակացնել, որ սա խուճապ առաջացնող և սպամ համարվող հաղորդագրություն է։ Հաղորդագրության մեջ խնդրվում է տարածել տեղեկությունը։ Facebook-ը բնավ երբևէ տեղեկատվության տարածման խնդիր չի ունեցել և չունի, ցանկացած հաղորդագրության դեպքում գրեթե բոլորն են գրում, քննարկում այն։
Ինչպես նաև Google-ում որոնում կատարելիս՝ այս հաղորդագրությունը հայտնվում է տարօրինակ domain-ներով կայքերից, ինչը կրկին վկայում է տեղեկատվության ոչ հավաստի լինելու մասին։
Այնպես որ բոլոր օգտագործողները կարող են շարունակել ազատ տարածել իրենց նկարները ընկերների շրջանում։ Նման հաղորդագրության պաշտոնական հրապարակման դեպքում Facebook-ի օգտագործողներն անմիջապես կիրազեկվեն։






