AM
29 Ապրիլ 2011 - 09:08 AMT

«Հայկական առևտրային ցանցը» մեծ առաքելություն ունի, կարծում է Վահրամ Փիրջանյանը

«Հայկական առևտրային ցանցը» մեծ առաքելություն ունի, կարծում է Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանը: «Ապրելով արագ հաղորդակցությունների աշխարհում`անհրաժեշտություն է ծագում ստեղծել նոր մոտեցումներ ողջ աշխարհում համագործակցության համար»,- ասել է նա: Նրա խոսքերով, «Հայկական առևտրային ցանց» ստեղծելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել մեկ տարի առաջ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցի շրջանակներում:

Ինչպես նշել է Փիրջանյանը, «Հայկական առևտրային ցանցի» ստեղծման նպատակը Հայաստան-սփյուռք տնտեսական հարաբերությունների զարգացումն է և սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդումը: Դրա հետ կապված` նա հավելել է, որ ստեղծվելու է կառույց, որը չի հետապնդելու քաղաքական և մենատիրական նպատակներ, այլ ուղղված է լինելու բիզնես-հնարավորությունների ընդլայնմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ սփյռուքի գործարարները կարող են արդյունավետ աշխատել միասին և մեծ բարձունքների հասնել:

Նա հաղորդել է, որ Կանադայի հայ գործարարների դրամաշրջանառությունը կազմում է 10 մլրդ դոլար, այն դեպքում, երբ Հայաստանի բյուջեն 3 մլրդ դրամ է:

ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ ապրիլի 28-30-ը տեղի է ունենում «Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցում են 30 մասնագետներ աշխարհի 9 երկրներից, այդ թվում` Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը և Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանը: