AM
30 Ապրիլ 2011 - 10:45 AMT

Պետական եկամուտների կոմիտեն չի խուսափում խոշոր բիզնեսի հետ հանդիպումներից

Պետական եկամուտների կոմիտեն և բիզնեսը պետք է բոլոր խնդիրները համատեղ լուծեն: Այս առումով նախաձեռնությամբ է հանդես գալիս նաև ՀՀ Գործարարների և արդյունաբերողների միությունը` աշխատանքային քննարկումներ կազմակերպելով ՊԵԿ ղեկավարության և գործարարների միջև: Առանց փողկապի հերթական հանդիպմանը քննարկվել է իրականացվող բարեփոխումների ընթացքը: Կլոր սեղանի շուրջ էին ՊԵԿ ղեկավարությունն ու հայաստանյան խոշոր գործարարները:

Ինչպես ասվում է ՊԵԿ մամլո հաղորդագրության մեջ, մեր երկրի պետբյուջեի հարկերի 80 տոկոսից ավելին վճարում են խոշոր հարկատուները և առաջին հերթին` ԱԱՀ վճարողները` շուրջ 4 հազար կազմակերպություն: Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության համար կարևոր է լսել նրանցից յուրաքանչյուրին և հենց բիզնես-աշխարհից իմանալ, թե որքանով է իրեն արդարացնում կոմիտեի ընտրած ճանապարհը:

ՊԵԿ-ի գլխավորը խնդիրը բյուջետային մուտքերի ապահովումն է, ինչի համար երկու ճանապարհ կա` տնտեսության աշխուժացում և հարկային վարչարարություն: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նախապատվությունն առաջինին է տալիս. «Մենք գնում ենք նրան, որ տնտեսությունն աշխուժացնելու միջոցով շանս տանք բիզնեսին ինքնահայտարարագրել գործունեությունը և հարկերը վճարել կամավո»:

Խոշոր բիզնեսին Գագիկ Խաչատրյանը տեղեկացնում է` էլեկտրոնային կառավարման ոլորտում առաջիկայում էական նորամուծություններ են սպասվում, որոնք ավելի թափանցիկ կդարձնեն համակարգը բիզնեսի համար` միաժամանակ սերտացնելով շփումը հարկային մարմնի հետ: Համակարգի ղեկավարությունը նպատակարահմար է գտնում բոլոր այդ նախագծերը նախ բիզնեսի հետ քննարկել և հաշվի առնել նրանց տեսակետներն ու առաջարկները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվում. այս ձևաչափով քննարկումները շարունակել նաև հետագայում: