AM
30 Ապրիլ 2011 - 11:16 AMT

Սփյուռքահայերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ Հայաստանում անհնար է դրամ վաստակել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 30-ին ընդունել է Երևանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին:

Ինչպես նշվում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ, նախագահը կարևորել է մեր հայրենակիցների անմիջական գործնական մասնակցությունը հայկական պետության զարգացման ընթացքին: Այս կապակցությամբ նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ սփյուռքահայերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ Հայաստանում անհնար է դրամ վաստակել:

Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությունը՝ ստեղծել «Հայկական առևտրական ցանց» ընկերակցություն: Նախագահը հույս է հայտնել, որ այն կդառնա գործուն կառույց, ի դեմս որի` Հայաստանը կունենա վստահելի գործընկեր, որը կարող է հանդես գալ նախաձեռնություններով, ապահովել հետադարձ կապ նաև գործարար-պետական կառույցներ հարաբերություններում: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև Հայաստանի տնտեսության, երկրում իրականացվող բարեփոխումների, արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: