AM
2 Մայիս 2011 - 05:25 AMT

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ևս խնդրում է նախագահին ազատ արձակել մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով` ներում շնորհել ներկայումս ազատազրկման մեջ գտնվող 2008 թ. մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին:

Իր դիմում-խնդրանքում ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը մասնավորապես նշում է.

«Ներում շնորհելու Նախագահի որոշումը կլինի պետության ղեկավարին արժանի պատասխանատու քայլ` միտված հասարակության շահագրգիռ բոլոր խմբերի միջև ներքաղաքական երկխոսության առաջ մղմանը` ուղղված ողջ ժողովրդի ջանքերի համախմբմամբ Հայաստանի ազգային անվտանգության և կայուն, ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունների շուրջ համահայկական կոնսենսուսի ձևավորմանը:

Ներքաղաքական հակամարտությունը օրինապատշաճ քաղաքական մրցակցության կերպափոխելու այս նախաձեռնությունը ենթադրում է մեր ազգային պետության ճակատագրի համար պատասխանատվության բաշխում Հայաստանի Նախագահի և քաղաքական բոլոր ուժերի միջև, ինչը ՀՀ-ի և ԼՂՀ-ի զարգացման ու անվտանգության արդյունավետ ապահովման գործում ազգի համախմբմանն ուղղված անհրաժեշտ քայլ է, հատկապես մեր պետությունների դեմ Ադրբեջանի ագրեսիվ շրջանների կողմից ծրագրվող պատերազմի վերսկսման սպառնալիքի համատեքստում:

Ներման շնորհումը կարող է դառնալ Հայաստանի և համաշխարհային հայության բոլոր առաջադեմ հայրենասիրական ուժերի համախմբման հիմք` նրանց առավել ուժեղ կողմերի օգտագործմամբ հանուն կառուցողական քաղաքական համագործակցության` ուղղված ՀՀ-ում համակարգային ժողովրդավարական բարեփոխումների առաջ մղմանը: 2008 թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին ներում շնորհելու

Ձեր որոշումը կլինի բարի կամքի դրսևորում` ուղղված ազգային ջանքերի համախմբմամբ մեր պետության զարգացմանը, միջազգային ասպարեզում նրա դրական իմիջի ամրապնդմանը, ինչպես նաև ողջ հասարակության ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը»: