AM
6 Մայիս 2011 - 09:51 AMT

2011 թ. առաջին եռամսյակում ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալը աճել է 15,2 տոկոսով

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. առաջին եռամսյակում «ՀԿԵՈւ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 602,6 հազար տոննա, ինչը 15,2 տոկոսով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2011 թ. առաջին եռամսյակի բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 24,5 տոկոսով գերազանցեց հունվար-մարտի համար նախատեսված ծավալը /578,1 հազար տոննա/:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵՈւ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 77,5 հազար տոննա, ինչը 13,3 տոկոսով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բեռների անվանացուցակը բաշխված է հետեւյալ կերպ ` սև մետաղի ջարդոն (24886,57 տոննա), հանքաքար (28129,9 տոննա), գունավոր մետաղներ (9029,97 տոննա), շինարարական նյութ (6663,2 տոննա), ցեմենտ (4640 տոննա), սննդամթերք (1053,85 տոննա):

Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. առաջին եռամսյակում տեղափոխվել է 261,9 հազար տոննա, ինչը 1,4 տոկոսով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բեռների անվանացուցակում գերակշռում են` հացահատիկային բեռներ (95841,57 տոննա), նավթային բեռներ (63903,76 տոննա), գունավոր մետաղներ (20862,3 տոննա), սննդամթերք (12089,3 տոննա):

Բեռնափոխադրումների ծավալի աճը տեղական հաղորդակցությունում 2011 թ. առաջին եռամսյակում կազմել է 34 տոկոս, հասնելով 263,2 հազար տոննա: Բեռների անվանացուցակում գերակշռում են` հանքաքար (209159,9 տոննա), շինարարական նյութ (24097,79 տոննա), ցեմենտ (5920,65 տոննա):

Նշենք, որ 2011 թ. առաջին եռամսյակում բեռնափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵՈւ-ի ճկուն սակագնային քաղաքականությամբ, մատուցվող ծառայությունների որակի աճով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: