Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոչ մեծ տարբերությամբ գլխավորել է 2011 թ. առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը։ Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Զանգեզուրի կոմբինատը վճարել է 7,450 մլրդ դրամ հարկ, որը 6,1 անգամ գերազանցում է 2010 թ. առաջին եռամսյակում վճարված հարկերի չափին` 1,216 մլրդ դրամ։
Վճարված հարկերի ծավալով Զանգեզուրի կոմբինատին շատ քիչ է զիջում նախորդ տարվա խոշորագույն հարկատուն` «Հայռուսգազարդը»` 7,35 մլրդ դրամ։ Ընդ որում` «Հայռուսգազարդը» նույնպես ավելացրել է վճարված հարկերի ծավալը` մոտ 40 տոկոսով` 2010-ի 242 մլրդ դրամի դիմաց:
Կապի օպերատորներից «Արմենտելը» (Beeline ապրանքանիշ) 3,144 մլրդ դրամով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Նրան հաջորդում է «Ղ-Տելեկոմը» (VivaCell-MTS ապրանքանիշ)` 2,437 մլրդ դրամով։ «Օրանժ Արմենիան» ևս խոշոր հարկատու է և 1,28 մլրդ դրամ ցուցանիշով 11-րդ տեղում է։
Հարկ է նշել, որ 2011 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում ընդգրկվել են Հայաստանի տարածքում գործող 21 կոմբանկերից 11-ը: 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկային սեկտորում ամենախոշոր հարկատուն «ՎՏԲ Հայաստան-Բանկ» ՓԲը-ն է, որը 30-րդ տեղն է զբաղեցրել ցուցակում` 576 մլն 880,4 հազ. դրամով:
Ընդհանուր առմամբ 2011 թվականի հունվար-մարտին Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 106,5 մլրդ դրամ են վճարել պետբյուջե` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97,5 մլրդ դրամի դիմաց:






