AM
10 Մայիս 2011 - 09:12 AMT

Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններ հրաժարվում են ՏՄՊՊՀ-ին տեղեկատվություն տրամադրել

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողոը շարունակում է շաքարավազի շուկայի դիտարկումը, մայիսի 10-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Արամ Սահակյանը: Նրա խոսքերով, «Ալեքս Գրիգ» և «Լուս աստղ շուգր» ընկերությունները դեռ անհրաժեշտ տեղեկատվություն չեն տրամադրել իրենց գործունեության մասին, որը հանձաժողովը պահանջել է այդ տնտեսվարող սուբյեկտներից: «Մենք պահանջվող տեղեկատվությունը չենք ստացել այդ ընկերություններից, չնայած նրան, որ դրա տրամադրման ժամկետն արդեն լրացել է: Հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասել է նա: Եթե այդ ընկերությունները ՏՄՊՊՀ-ին անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրեն, նրանք ստիպված կլինեն վճարել տուգանք 500 հազար դրամի չափով, հետո, օրենսդրության համաձայն, նրանք ծանուցվելու են այն մասին, որ պետք է պատասխան հարցմանը և այլն, մինչև ՏՄՊՊՀ-ն չստանա անհրաժեշտ տվյալները:

Արամ Սահակյանը հաղորդել է, որ վերջին դիտարկման արդյունքներով 1 կգ շաքարավազի գինը առևտրի տարբեր կետերում, մասնավորապես, «Yerevan City» սուպերմարկետներում կազմել է 367 դրամ, «ինչը նորմալ գին է, քանի որ մեկ շաբաթ առաջ այդ գինը կազմել է 372.5 դրամ»:

Խոսելով հանրապետությունում շաքարավազի գների բարձրացման պատճառների մասին` Սահակյանը կարծիք է հայտնել, որ դա կարող է պայմանավորված լինել դրամի փոխարժեքի տատանումներով, միաժամանակ նա քիչ հավանական է անվանել համաշխարհային գների ազդեցությունը հումքի վրա, քանի որ դրանց տատանումն ազդում է հայկական շուկայի վրա որոշակի ժամանակ անցս: