Մայիսի 11-ին պաշտոնապես մեկնարկում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված ճանապարհային անվտանգության «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագիրը, որի շրջանակներում ամբողջ աշխարհում կազմակերպվելու են բազմաբովանդակ և բազմապիսի միջոցառումներ` միտված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը:
Ինչպես նշվում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, կարևորելով ճանապարհային երթևեկության անվանգության ապահովման խնդիրը` Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտում տեղի են ունենում բարեփոխումներ, իրականացվում են անվտանգության տեսանկյունից համապատասխանության ուսումնասիրություններ, անվտանգության ապահովման նպատակով հատուկ ինժեներական լուծումների մասով կիրառվում են նորարարություններ: Հայաստանում դրանք առաջին անգամ հաջողությամբ փորձարկվեցին Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: Գյուղի միջով անցնող ճանապարհի վերանորոգումից հետո որոշ կարգազանց վարորդներ անտեսելով երթևեկությունը սահմանափակող ճանապարհային նշանները` երթևեկում էին առավել վտանգավոր արագությամբ հատկապես դպրոցի մոտով անցնող ճանապարհի հատվածում: Ճանապարհային երթևեկության անվտանգության աուդիտի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ստացված առաջարկների կիրառումից հետո, մասնավորապես, արագությունը իջեցնող արհեստական անհարթությունների կառուցումից, լրացուցիչ ճանապարհային նշանների տեղադրումից և գծանշումներից հետո պատկերը զգալի փոխվել է: «2011-2020 թվականների ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունը լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասվում է նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:






