AM
12 Մայիս 2011 - 08:38 AMT

Կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ շրջանակներում «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի կնքմանը

Հայաստանի կառավարությունը մայիսի 12-ի նիստում հավանություն է տվել ԱՊՀ շրջանակներում «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի կնքմանը:Ինչպես հաղորդել է լրագրողներին նիստից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այսօր ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի ոլորտում գործում են երկկողմանի հարաբերություններ: «Դա լուրջ քայլ է ԱՊՀ շրջանակներում բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ճանապարհին առևտրի խթանման, մասնավորապես, արտահանման և տնտեսական համագործակցության ընդլայնման համար: Դա ուղի է, որով անցել է Եվրամիությունն ինտեգրման ճանապարհին»,- ասել է նա:

Նախարարի խոսքերով, բազմաթիվ բանակցությունների արդյունքում հաջողվել է միասնական համաձայնության գալ, որի շրջանակներում համաձայնեցվել է ազատ առևտրի ռեժիմը, իսկ բազմակողմ պայմանագիրը, ըստ էության, ներառելու է իր մեջ բոլոր երկկողմանի համաձայնագրերի բովանդակությունը: «Մենք ակնկալում ենք, որ այդ համաձայնագիրը հաստատվել է ԱՊՀ բոլոր անդամ-երկրների կողմից: Իհարկե, որոշակի վերապահումներ կան, որոնք արդեն համաձայնեցված են»,- հավելել է Տիգրան Դավթյանը:

Անդրադառնալով նոր նախաձեռնության առավելություններին` նախարարը նշել է, որ միասնական համաձայնագիրը կանոնավորելու է ազատ առևտրի ռեժիմը ԱՊՀ բոլոր անդամ-երկրների համար` ազատելով նրանց բազմաթիվ մաքսային տուրքերից: