AM
12 May 2011 - 12:36 AMT

ՀՀ նախագահի կրթական պարգևի հավակնորդները ծանոթացան մրցանակաբաշխության կարգին

Այսօր ՀՊՃՀ-ում կայացավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողներ։

Հանձնաժողովը ներկայացրեց ուսանողների մրցանակաբաշխության նպատակը, դիմելու կարգը, մրցանակները և մնացած պայմանները։ Ըստ Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել և բացահայտել ՏՏ ոլորտի ասպարեզում լավագույն երիտասարդներին։

ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի 7-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի երեք փուլով։ Հանձնաժողովն իր աշխատաքը կավարտի հուլիսի 2-ին։ Մրցանակաբաշխությանը դիմելու վերջնաժամկետը հունիսի 10-ն է։

Յուրաքանչյուր հաղթող կստանա ՀՀ նախագահի ստորագրությամբ դիպլոմ, դրամական պարգև մինչև 1000 դոլար, որն ամենաբարձրն է և թվային տեխնոլոգիաները խորհրդանշող մրցանակ-արձանիկ։

Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ:

2011թ-ին նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝ Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր), Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր), Լավագույն բակալավր (I և II կարգեր), Լավագույն սփյուռքահայ մասնակից, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ։

Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է Սինոփսիս Արմենիա ընկերությունը: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ-ին։ Անցած 6 տարիների ընթացքում 158 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին: