Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 11 – ին ընդունել է ՀԲ կողմից աջակցվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի ղեկավար Դոինա Պետրևսկուին և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ( FAO ) փորձագետ Դևիդ Լագին:
Ինչպես հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԲ փորձագետների մշակած «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային նոր ծրագրի իրականացման ընթացքը ներկայացվել են ոլորտում իրականացվող կարևորագույն ծրագրերը:
Կարևորելով ծրագիրը, գյուղատնտեսության նախարարը նշել է, որ ավելի քան 15 տարի Հայաստանի արոտավայրերի զգալի մասը չի օգտագործվել և ՀԲ – ի աջակցության այս ծրագիրը շատ օգտակար է: «Կարելի է ասել, որ այն անասնապահության զարգացման հիմք կարող է հանդիսանալ: Ծրագրի իրականացումը լինելու է իմ հսկողության ներքո, որպեսզի ապահովվի արդյունավետությունն ու ամեն ինչ արվի ժամանակին», – նշել է Սերգո Կարապետյանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀԲ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի շարունակականության և ներառված համայնքների թվի ավելացման մասին:
Դոինա Պետրևսկուն իր հերթին նշել է, որ ՀԲ-ի առաջարկով ծրագրի իրականացման ժամանակ ուսումնասիրվելու են ոլորտում առկա խնդիրները և համագործակցության նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:






