AM
13 May 2003 - 18:32 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆ ՄՈՏ 276 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

ԱՄՆ Առեւտրի եւ զարգացման գործակալությունը 275.980 դոլար կհատկացնի արբանյակային եւ տիեզերական հայկական նախագծի տնտեսական նպատակահարմարության վերլուծության համար: Այսօր Երեւանում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի 6-րդ նիստի ավարտին համապատասխան համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը եւ Տիեզերքի հետազոտման հայկական կենտրոնի տնօրեն Վահե Գուրզադյանը: Նախագծի նպատակն է` արբանյակային երկրային կայանի եւ տիեզերական ուլտրամանուշակագույն աստղադիտակի ստեղծումը ՀՀ Տիեզերական հետազոտությունների կենտրոնում: Ծրագրի առաջին փուլում պետք է կառուցվի եւ շահագործման հանձնվի արբանյակային երկրային կայանը, որն օգտագործվելու է նաեւ կոմերցիոն նպատակներով: Երկրորդ փուլում նախատեսվում է տիեզերական ուլտրամանուշակագույն աստղադիտակի մշակումն ու տեղադրումը, որը թույլ կտա ստեղծել Ուլտրամանուշակագույն սպեկտրի երկնային ատլասը, որը լուրջ ներդրում կհանդիսանա ժամանակակից աստրոֆիզիկայի մեջ: