Նշելով Հայաստանում «ՎՏԲ-Հայաստան բանկի» 5-ամյակը` բանկը մտադիր չէ նվազեցնել շուկայում զբաղեցրած բաժնի աճի և շահույթի տեմպերը` խնդիրներ, որոնք դնում են բանկի առաջ բաժնետերերը: Այդ մասին մայիսի 18-ին Երևանում ասել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Բանկի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում ՎՏԲ ապրանքանիշի կայացման պատմությունը, ինչպես նաև հիմնական ֆինանսական արդյունքները: Մասնավորապես, 2010թ. արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկի զուտ եկամուտը կազմել է 4,4 մլրդ դրամ և այդ ցուցանիշով բանկը զբաղեցրել է երկրորդ տեղը երկրի բանկային համակարգում: Դրա հետ կապված` Օվսյաննիկովը նշել է 2005-ի համեմատ բանկի շահույթի աճ 478.3 տոկոսով: Ընդհանուր ակտիվները 2010-ի վերջին կազմել են 127.5 մլրդ դրամ, 2009-ի համեմատ 7.2 տոկոս աճ (4–րդ տեղը բանկային համակարգում), ընդհանուր պարտավորությունները կազմել են 98.1 տոկոս, 4.5 տոկոս աճ (6-րդ տեղ), ընդհանուր կապիտալը` 29.3 մլրդ դրամ, 17.0 տոկոս աճ (3-րդ տեղ), կանոնադրական կապիտալը չի փոխվել` 13.8 մլրդ դրամ (5-րդ տեղ):
Հաճախորդների վարկային պորտֆելն ավելացել է 21,1 տոկոսով մինչև 86,6 մլրդ դրամ, հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 58,5 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալը 2009 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշների համեմատությամբ աճել է 61,1 տոկոսով և կազմել է 36,5 մլրդ դրամ, զուտ գործառնական եկամուտը 2009 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 40,7 տոկոսով և կազմել է 11,2 մլրդ դրամ:
2010-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը կազմված է եղել 68 մասնաճյուղերից, որոնք գործել են Հայաստանի ողջ տարածքում, որոնցից` 24 մասնաճյուղեր Երևանում և 44-ը մարզերում: 2010-ին բանկի բանկոմատների քանակը հասել է 59-ի, POS-տերմինալների` 400-ի:
Անդրադառնալով Հայաստանում բանկի գործունեության հոբելյանին` Օվսյաննիկովը հավելել է, որ հիմնական ցուցանիշների դրական դինամիկան խոսում է այն մասին, որ «մեր բաժնետերերի մտադրությունները Հայաստանում լուրջ են. զբաղեցնել առաջին տեղը և շուկայում տրամարդել պահանջված բանկային ծառայություններ»:






