AM
18 May 2011 - 13:17 AMT

Տարածքային կառավարման նախարարությունը նոր կայք ունի

Մայիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության արդիականացված կայքի` www.mta.gov.am շնորհանդեսը:

Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ կայքը հանրությանն ապահովում է նախարարության, մարզպետարանների գործունեության և համայնքային բյուջեների կատարողականի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությամբ: Կայքն ունի նոր տեսք, հնարավորինս հաշվի են առնվել ժամանակակից տեխնիկական լուծումները, որոնք թույլ են տալիս մեծ ծավալով տեղեկատվությունն առավել մատչելի դարձնել հանրությանը:

ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի տեղակալ Ջոն Սեոնգը նշեց, որ նոր կայքը նախարարության էլեկտրոնային կառավարման և հանրային իրազեկման գործընթացում առաջընթաց է, որը համապատասխանում է տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորեց այն փաստը, որ կայքում հրապարակված են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարևորություն ունեն։ Կայքում օգտագործողները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը և առցանց հետևել իրենց ինֆորմացիոն ազատության հարցումների ընթացքին:

ՏԿՆ կայքի միջոցով հնարավոր է անցում կատարել մարզպետարանների տեղեկատվական պորտալներ, որոնց բարեփոխման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են և նախատեսվում է, որ կավարտվեն 2011թ. սեպտեմբերին:

ՏԿՆ կայքն արդիականացվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: