AM
18 Մայիս 2011 - 14:02 AMT

Հայաստանն ու Բելառուսը անհրաժեշտ պայմաններ են ստեղծում տնտեսվարող սուբյեկտների համագործակցության համար

Մայիսի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և քննարկել երկկողմ համագործակցության արդիական հարցեր: Երկու երկրների միջև գոյություն ունի տնտեսական համագործակցության լուրջ ներուժ, որը չի իրացվել»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը և ընդլայնված կազմով բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում: Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով` այսօր քննարկված նախագծերը բացում են նոր հեռանկարներ, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները տեղեկացված լինեն երկու երկրների հեռանկարային նախագծերի և գերակա ուղղությունների մասին:

Բելառուսի վարչապետ Մյասնիկովիչն իր հերթին ընդգծել է, որ գլխավորն այն է, որ ստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների համար նորմալ և ակտիվ համագործակցության անհրաժեշտ պայմաններ: «Պետք է ստեղծենք իրավական պայմաններ: Մենք արձանագրեցինք զգալի, լուրջ առաջընթաց` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ` համատեղ ձեռնարկությունների, առևտրի կենտրոնների միջոցով»,- ասել է նա:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել օդային տրանսպորտի, ԱԻ, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում: