Հայաստանի ագրարային սեկտորին աջակցություն ցուցաբերելու նպատակով հանրապետության կառավարությունը մայիսի 20-ի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հավանություն է տվել «ԱԱՀ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին:
Ինչպես Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցում հաղորդել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, խոսքը գնում է ագրարային սեկտորի ներկրված ռեսուրսների, մասնավորապես` գյուղատնտեսական տեխնիկայի, դրա պահեստամասերի, թունաքիմիկատների և պարարտանյութերի մասին:
Նախարարը հաղորդել է, որ փոփոխությունների օրենսդրական փաթեթը թույլ կտա բացառել ԱԱՀ վճարումը, ինչն իր հերթին կհանգեցնի բուսաբուծության զարգացմանը և վերջնական արդյունքում` գյուղատնտեսական ապրանքի գների նվազմանը: Բացի դրանից, Սերգո Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսական տեխնիկայի շարժակազմի թարմացումը, ինչը նույնպես հնարավոր կդառնա ԱԱՀ վճարման բացառման հաշվին:






