AM
20 Մայիս 2011 - 11:21 AMT

Եվ այդ տարօրինակ արտահայտությունը` «ծիրանի միջին բերքատվությունը»

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանգստացրել է մրգին կարոտ մնացած հասարակությանն այն առիթով, որ «այս տարի ծիրանի բերքատվությունը գտնվելու է միջին մակարդակում»: Եվ այդ միջին մակարդակը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով:

Եղանակի տաքացման հետ գյուղատնտեսության ոլորտի հայ փորձագետները սկսել են կանխատեսումներ անել ամենաարդի հարցերից մեկի վերաբերյալ. ծիրանի հայրենիքն այս տարի ծիրան կտեսնի արդյոք: Մարտի վերջին Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը Հայաստանի ծիրանի սիրահարների մոտ խորը հիասթափություն առաջացրեց, հայտարարելով, որ այս տարի սպասվում է ծիրանի ցածր բերքատվություն և բարձր գին: Միաժամանակ, եթե անցած տարիներին ծիրանի բերքին խանգարում էին ցրտահարությունները, երաշտը, կարկուտը, ապա այս տարի գործի են անցել կրծողները: Ավելի ուշ` մարտի սկզբին, օդերևութաբանները հավաստիացնում էին, որ եղանակն այս տարի բարեահաճ կլինի գյուղատնտեսության հանդեպ և խոստանում էին մինչև 40-50 տոննա ծիրան:

Արդյունքում հասարակ քաղաքացիներն այդպես էլ չհասկացան, թե կլինի այս տարի ծիրան, թե ոչ, և կլինեն արդյոք ծիրանի գներն նույնքան բարձր, որքան նախորդ տարի, երբ այդ մրգի գինը չէր զիջում դելիկատեսների գներին` միջինը կազմելով 1000 դրամ (ավելի քան 3 դոլար):

Բայց փոխարենը, հանգստացնում են փորձագետները, այս տարի լոլիկի և խաղողի պակաս չի զգացվի, որոնց վրա նույն բնակլիմայական պայմանները կրծողների հետ միասին չեն ազդել: Իսկ ահա լոլիկի և խաղողի գների մասին առայժմ ոչ ոք որոշակի ոչինչ չի ասում. «Կերեք լոլիկ և խաղող, եթե մինչ այդ դրանց գները «կծող» չլինեն»: