AM
25 May 2011 - 07:39 AMT

Տարիք Աջդայն. Հայաստանում կա մեծ պոտենցիալ. մարդիկ բաց են նոր լուծումներ ներդնելու հարցում

Այսօր Երևանում անցկացվեց «Նոր դարաշրջանի էլեկտրոնային վճարումների ծառայություններ» թեմայով շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպել էին «Ապագա Թեքնոլոջիս» և «M2MGroup» ընկերութունները:

Շնորհանդեսի ընթացքում «M2M Group» ընկերության ներկայացուցիչները՝ վաճառքի մենեջեր Տարիք Աջդայնը և բիզնեսի գծով մենեջեր Մուհամեդ Մուխլիսը ներկայացրեցին էլեկտրոնային վճարման ծառայությունների իրենց լուծումները:

Մասնավորապես ներկայացվեց MAGIX լուծումը, որը էլեկտրոնային փոխանցումային համակարգի շղթա է: MAGIX-ը հիմնված է Unix համակարգի վրա: MAGIX-ի լուծումներն են՝ MAGIX ATM (բանկոմատներ, ավտոմատ ինքնասպասարկող սարքեր), MAGIX POS (վճարումներ իրականացնող տերմինալների կառավարում), MAGIX Internet Gateway (անվտանգ ինտերնետային վճարումների կառավարում), MAGIX Mobile gateway (բջջային հեռախոսներից անվտանգ փոխանցումների կառավարում), MAGIX Risk (ռիսկի կառավարում), MAGIX Money Transfer (դրամական բազմուղի փոխանցումների կառավարում), MAGIX Prepaid (կանխավճարային գործարքների կառավարում), MAGIX e-gov (քարտերի e-կառավարում) և մի շարք այլ լուծումներ:

«M2M Group» ընկերության վաճառքի մենեջեր Տարիք Աջդայնը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «M2M Group«»-ը հույս ունի բացի «Ապագա Թեքնոլոջիսից» գտնել նոր գործընկերներ Հայաստանում: Ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ է նորարար լուծումների. «Այստեղ կա մեծ պոտենցիալ: Մարդիկ բաց են նոր լուծումներ ներդնելու հարցում»:

Խոսելով բջջայինով վճարումների մասին՝ Տարիք Աջդայնը նշեց. «Սա վճարման մի լուծում է, որը հնարավորություն է տալիս վճարել առանց պայմանագրի կամ գործարքի՝ առանց քարտի կամ դրամի (cash): Բջջային վճարումները տարածված են Արևմտյան Եվրոպայի երկրներում, իսկ ամենաշատը այն կիրառվում է Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Կարելի է ասել բջջային վճարումների 40%-ը կատարվում է հենց այս երկրներում»:

«Որպես առաքելություն «Ապագա»-ն փորձում է Հայաստանին ցույց տալ նորարար լուծումներ, մենք հույս ունենք, որ նման շնորհանդեսների շնորհիվ բանկերը, տեղական կազմակերպությունները նոր գաղափարներ կստանան, կկարողանան ընդլայնել իրենց առաջարկների շրջանակը»,- ասաց PanARMENIAN.Net-ի թղթակցին «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության վաճառքների գծով համակարգող Անահիտ Մանուկյանը: