Այսօր ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն և «Մայքրոսոֆթ Արէյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը հանդես եկան ասուլիսով՝ «DigiTec Business ֆորում 2011. ե՞րբ հնարավոր կլինի ակնկալել տեխնոլոգիական առաջընթաց» թեմայով:
«ԱրմենՏելը», 2009-ի DigiTec-ի պես, կլինի մեր ֆորումի գլխավոր հովանավորը: Այս տարի ֆորումը կհամալրի հայ-վրացական գործարար համաժողովը: Մենք հատուկ հյուրեր ենք հրավիրում նաև Սինգապուրից, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով՝ թե ինչպես ավազի կղզուց քսան տարվա մեջ կարողացան վերածվել հզոր տեխնոլոգիապես զարգացած պետության»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Իգոր Կլիմկոն իր կարծիքը հայտնեց այն մասին, թե ինչու մեծ ընկերությունները չեն օգտվում տեղական ՏՏ ընկերությունների ծառայություններից. «Հավանաբար մեծ ընկերությունները տեղյակ չեն, թե ինչ տեղական ՏՏ ընկերություններ կան, այդ իսկ պատճառով չեն օգտվում տեղական ՏՏ ընկերությունների ծառայություններից: Այս բիզնես ֆորումը հենց այդ նպատակն ունի՝ մեկը մյուսի հետ ծանոթացնելու, նոր գործարար կապեր ստեղծելու»:
«ԱրմենՏելը» ֆորումին կներկայացնի իր նոր տեխնոլոգիական լուծումները, ծառայությունները կորպորատիվ հաճախորդների համար:
«ՏՏ-ն ամենահզոր գործոնն է, որ բերում է թե՛ տնտեսական, թե՛ ընդհանուր զարգացման: Եթե նայենք աշխարհում երեսուն տարվա ընթացքում ստեղծված հզոր տեխնոլոգիաներին, ապա կտեսնենք դրանց մեծ ներուժը, դրանք փոխել են մարդկանց ապրելակերպը»,- ասաց Գրիգոր Բարսեղյանը:
DigiTec Business ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ին, որին զուգահեռ կանցկացվի նաև «Մայքրոսոֆթ նորարարության ֆորումը»: Համաժողովի ընթացքում կանցկացվեն տեխնոլոգիական սեմինարներ, թեմատիկ կլոր սեղաններ և DigiTec Business ցուցահանդեսը: Նախատեսված է նաև start up ֆորում, որին կմասնակցեն հայկական նորաստեղծ 10 ընկերություններ: