AM
1 Հունիս 2011 - 10:44 AMT

ԱՐՄԵՆԱԼ -ը ներդնում է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի հիմնային սկզբունքները

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումին և կավահող արտադրող խոշորագույն ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմի մեջ, առաջինը Հայաստանում գործնականում կիրառեց “Կայձեն” հայեցակարգի վրա հիմնված արտադրական համակարգը և արդեն ստացավ լուրջ տնտեսական արդյունք:

Տեխնոլոգ Տիգրան Առուստամյանը և վարպետ Նարեկ Ղազարյանը, ելնելով քսա-սառեցնող հեղուկի (ՔՍՀ) օգտագործման փաստական ծավալից “Կվարտո-1800” գլանման հաստոնի վրա, առաջարկեցին անջատել ՔՍՀ-ի մաքրման երկու զտիչներից մեկը և պահուստավորել այն: Դա կրճատեց էլեկտրաէներգիայի, ինչպես նաև զտող և սպիտակեցնող նյութերի ծախսը` գլանվածքի որակի և այլ չափորոշիչների պահպանման պարագայում: Ծրագրի իրականացումից ստացվող տարեկան տնտեսումը կազմում է ավելի քան 30 հազար դոլար:

ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի զարգացումը, որ հիմնված է “Կայձեն” հայեցակարգի մեթոդոլոգիայի և գործիքների վրա, ԱՐՄԵՆԱԼ-ում սկսվել է մի քանի ամիս առաջ: Հունիսի 1-ի դրությամբ, գործարանում ներդրվել է շուրջ 90 կայձեն-առաջարկություն:

“Կայձենը” արդիականացում չէ, այլ մշտական բարելավում` առանց քիչ թե շատ էական ֆինանսական ներդրումների` բացարձակապես ի հաշիվ ներքին պահուստների: Այս գործընթացը պետք է կատարվի անընդմեջ”, – ասում է ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական համակարգերի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը:

Կայձենների թվում, որոնք գտել են գործնական կիրառում, Ա.Զաքարյանը հիշատակեց ձուլավառարանի ելուստի կառուցվածքի փոփոխությունը: Վառարանից դեպի շերեփ հալված ալյումինի լցման ժամանակ քառակուսի կտրվածքի նախորդ ծորակը ստեղծում էր մետաղի սառեցման վտանգ: Ծորակի նոր կառուցվածքը, որ առաջարկել է ձուլող Վանիկ Գրիգորյանը, բացառում է մետաղի կորստի հնարավորությունը:

“Կայձեն” հայեցակարգը մշակված է Ճապոնիայի մեքենաշինական ձեռնարկություններում, այն հաջողությամբ զարգացվում է աշխարհի խոշորագույն ընկերություններում: Ռուսաստանում դրա ներդրման նախաձեռնողը դարձավ ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը: